Ջրի համաշխարհային օր 201

Ջրի համաշխարհային օր 201

Ջրի համաշխարհային օր 2017

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն, իր գործընկեր «Կայուն ջրային միջավայր» ՀԿ-ի հետ համատեղ, մարտի 22-ին, «Անի Պլազա» հյուրանոցի  «Նաիրի» սրահում կազմակերպեցին կոնֆերանս՝ նվիրված ջրի համաշխարհային օրվան:
Միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցների (ՀՀ Առողջապահության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության նախարարություններ, Ջրային տնտեսության պետական կոմիտե), մասնավոր և հասարակական սեկտորի ,ԶԼՄ-ների (Արմենիա հեռուստաընկերություն և Հանրային ռադիո) ներկայացուցիչներ, Հայաստանի  տարբեր բնակավայրերի 5 դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ (43 մարդ): Այս տարվա միջոցառումը իր ձևաչափով տարբեր էր, քանի որ պաշտոնական հատվածից զատ կոնֆերասն ուներ առավել ստեղծագործական, մշակութային և գունագեղ հատված:
Այս միջոցառմանը նախորդել էր ԱՋՀ-ի կողմից մարտի սկզբին 5 համայնքային դպրոցներում (Երևանի թիվ 155, Նոր Խարբերդի թիվ 2, Սպիտակ քաղաքի թիվ 2, Գեղարքունիք և Մարգահովիտ գյուղերի դպրոցներում) 6-8 դասարանների աշակերտների համար անց կացված դասընթացները՝ ՋՀՕ-ի խորագրով՝ «Ինչու վատնել ջուրը. կեղտաջուրը որպես ջրային ռեսուրս»:
Այդ դասընթացները նպատակ ունեին դպրոցակաների հետ խոսել կարևորագույն խնդիրների մասին, որոնք կապված են ջրի և կեղտաջրի հիմնախնդիրների հետ: Դասընթացավարները ինտերակտիվ ձևով անդրադարձել էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ջրի կարևորությունը, ջրի աղտոտումն ու վատնումը, կեղտաջրերի թաքնված պոտենցիալը և դրանց վերաօգտագործման ձևերը: Դասընթացների ավարտին դպրոցակաների համար ցուցադրվել էր թեմատիկ մուլտֆիլմ և նրանց հանձնարարվել նկարել թեմատիկ նկարներ՝ մարտի 22-ին կայանալիք կոնֆերանսին ներկայացնելու համար:
Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառուների շարքը միտված էր բարձրացնելու դպրոցականների տեղեկատվությունը ջրի և կեղտաջրի խնդիրներին, ցուցադրելու ինչպես են այդ խնդիրները լուծվել զարգացած երկրներում: Այն նպատակ ուներ նաև բացահայտելու, թե ինչպես են երեխաները ընկալում կեղտաջրերի հիմնախնդիրը և ինչպես են պատկերում դրանք իրենց նկարներում:
ԱՋՀ-ն կարևորում է կեղտաջրերի մաքրման գործընթացի զարգացումը Հայաստանում, առավել ևս, որ մեր երկիրը միացել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, և 6.3 թիրախը մեզ պարտավորեցնում է` մինչև 2030 թ. բարելավել ջրի որակը՝ կիսով չափ կրճատելով չմաքրվող կեղտաջրերի քանակը, էականորեն մեծացնելով կեղտաջրի մաքրման ու մաքրված կեղտաջրի անվտանգ վերաօգտագործման գործընթացը: