"Կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաներ" մարզային սեմինար

"Կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաներ" մարզային սեմինար

 

Սույն թվականի հունիսի 30-ին Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ն իր գործըն-կերներ, ՋԻՆՋ ինժեներախորհրդատվական ընկերության, Կայուն ջրային միջավայր Հկ-ի և Վանաձորի Օրհուս կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին և ք. Վանաձորում անցկացրեցին մարզային սեմինար` "Կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաներ" թեմայով:
Սեմինարի նպատակն էր բացահայտել համայնքային կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, ինչպես նաև իրազեկել Լոռու մարզի որոշումներ կայացնողներին և հանրության լայն շրջանակներին ջրահեռացման բնագավառի արդի իրավիճակի, դրա հետևանքով առաջացած հիմնախնդիրների և լուծման հնարավորությունների վերաբերյալ:

Սեմինարին մասնակցեցին Լոռու մարզպետարանի, Սպիտակի, Ստեփանավանի և Վանա­ձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԲՆ Բնապահպանական պետական տեսչության և ԱՆ Առողջապահական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնների ներկա­յացուցիչները, Վանաձորի և Ալավերդու Օրհուս կենտրոնների, տեղական Հկ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: 

Սեմինարի զեկուցողները ներկայացրեցին կեղտաջրերի հեռացման ու մաքրման գործընթացի ներկա իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև 2014թ-ին Տնտեսական Համագործակցության և Զարգացման կազմակերպության ֆինանսավորմամբ մշակված “Աջակցություն Հայաստանում կեղտաջրի հեռացման և մաքրման ազգային ռազմավարության մշակմանը” փաստաթուղթը:

Մասնագետները ներկայացրեցին նաև համայնքային կեղտաջրերի մաքրման այլընտրան­քային տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց կիրառման փորձը Հայաստանում, խոսեցին հասարակական արդի զուգարանների մասին ևս: Բնապահպանական և Առողջապահական տեսչությունների Լոռու տարածքային բաժինների ներկայացուցիչները ներկայացրեցին կեղտաջրերի հեռացման ու մաքրման հետ կապված առողջապահական խնդիրներն ու չմաքրված կեղտաջրի բնության վրա ունեցած ազդեցությունը:
Սեմինարի ընթացքում Ստեփանավանի քաղաքապետարանի և Մարգարտահովիտ գյուղական համայնքի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին իրենց բնակավայրերում կենցաղային կեղտաջրի մաքրման կայաններ կառուցելու համար համատեղ ուժերով գտնել համապատասխան ֆինանսական միջոցներ: Վանաձորի Օրհուս կենտրոնի ներկայացուցչի առաջարկով նախատեսվում է համապատասխան ֆինանսական միջոցներ հայթայթել Վանաձորի ծերանոցում, որի կենցաղային կեղտաջրերն անմիջապես առանց մաքրման թափվում են գետ հանգստի գոտու տարածքում, կոմպակտ ԿՄԿ տեղադրելու համար:
Սեմինարը լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ների կողմից: Սեմինարի մասին ռեպորտաժը կարող եք գտնել Ֆորտունա մարզային հեռուստաընկերության կայքում http://www.fortunatv.am/: