Միջոցառումներ նվիրված

Միջոցառումներ նվիրված "Ջրի միջազգային օրվան''

Միջոցառումներ նվիրված "Ջրի միջազգային օրվան''

 

"Ազգային ջրաին համագործակցություն" ՀԿ-ն, "SPRING" PR ընկերության հետ համատեղ նախաձեռնեցին "Լինե′նք հոգատար Հայաստան - ջրի համաշխարհային օր 2013" սոցիալական - բնապահպանական նախագիծը, որի շրջանակներում իրականացրեցին մի շարք միջոցառումներ: 
Նախագծի միջոցառումները հիմնականում ուղղված էին հանրային իրազեկության բարձրացմանն ու երկրի ներսում ջրային համագործակցության հիմնախնդիրների վեր հանմանը:
Մարտի 21-ի առավոտյան «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ  Արևիկ Հովսեփյանն ու «SPRING» PR ընկերության միջազգային նախագծերի տնօրեն  Տաթևիկ Սիմոնյանը հյուրընկալվեցին «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս հայեր» ծրագրին և ներկայացրեցին  նախագիծը:
Նրանք հեռուստադիտողների ուշադրությանը ներկայացրեցին «Ջրի միջազգային օրվա» կարգախոսը` որն ամբողջ տարին հայտարարում էր «Ջրային համագործակցության միջազգային տարի», և նշեցին, որ Հայաստանի համար համագործակցությունն արդիական է ոչ միայն միջազգային մակարդակով` հարևան երկրների հետ, այլ նաև հենց ազգային մակարդակով` համագործակցություն տարբեր ջրօգտագործողների ու կառավարման մարմինների միջև: 
Նրանք կարևորեցին նաև Հայաստանի բնակչության ունեցած վերաբերմունքը ջրի նկատմամբ և կոչ արեցին հոգատար վերաբերմունք ցուցաբերել ջրային ռեսուրսների նկատմամբ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կլիմայական փոփոխությունների նկատմամբ ջրային ռեսուրսները բավականին խոցելի են:
Այնուհետև, մարտի 21-ին, ժամը` 12:00-ին «Սլաք» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս-քննարկում: Ասուլիսի բանախոսներն էին Արևիկ Հովսեփյանը` «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ, Տաթևիկ Սիմոնյանը` «SPRING» PR ընկերության միջազգային նախագծերի տնօրեն, Աշոտ Հովսեփյանը` MVV-Dekon Լոռի, Շիրակ, Նոր Ակունք ջրամատակարարման ընկերությունների պայմանագրային կառավարման ծրագրի միջազգային գլխավոր տնօրեն, Հովհաննես Հարությունյանը նույն ընկերությունների պայմանագրային կառավարման ծրագրի համակարգող: Բանախոսները ներկայացրեցին իրենց նկատառումները Հայաստանում ջրային ռեսուրսների և քաղաքային ջրի կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ: Նրանք նշեցին, որ այս տարի նախատեսում են կազմակերպել «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային կոնֆերանս, որի նպատակն է բացահայտել քաղաքային ջրի կառավարման հիմնախնդիրները Հայաստանում և ուղիներ նախանշել երկրում քաղաքային ջրի համապարփակ կառավարման սկզբունքների ներդրման համար: «Լինենք հոգատար – Ջրի համաշխարհային օր – Հայաստան» սոցիալական, բնապահպանական ծրագիրն ավարտվեց մարտի 25-ին «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցած «Քաղաքային ջրի համապարփակ կառավարում» թեմայով ազգային կոնֆերանսով: Կոնֆերանսի նպատակն էր բացահայտել Հայաստանում ջրի և սանիտարիայի ենթակառուցվածքների ու ծառայությունների հասանելիության ապահովման, անձրևաջրերի, կեղտաջրերի, հեղեղաջրերի կառավարման և մակերևութային ջրերի աղտոտման, ջրից առաջացող հիվանդությունների և համաճարակների վերահսկման, ջրից կախված վտանգների` ներառյալ հեղեղների, երաշտների ու սողանքների նվազեցման հիմնախնդիրները և ուղիներ նախանշել երկրում ՔՋՀԿ սկզբունքների ներդրման համար: Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, Հայաստանում ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդատվական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի զեկուցողները հիմնականում անդրադարձան քաղաքային ջրի կառավարման (ջրամատակարարում, ջրահեռացում, կեղտաջրերի մաքրում, ոռոգում, հեղեղաջրեր և անձրևաջրեր) հիմնախնդիրներին, որոնք արդիական են Հայաստանում և պահանջում են ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական ու կառուցվածքային լուծումներ: Որպես քաղաքային ջրի կառավարման բնագավառի իրավասու մարմնի ներկայացուցիչներ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի փորձագետները ներկայացրեցին բնագավառի հետխորհրդային առաջընթացը, դեռևս առկա հիմնախնդիրները և այն տեսլականը, որին ձգտում են բնագավառի զարգացման արդյունքում: Ներկայացվեցին Հայաստանում գործող 3 խոշոր ջրմուղ-կոյուղի ընկերությունների գործընթացը, նրանց խնդիրները: Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեցին նաև քաղաքային կեղտաջրերի մաքրման խնդիրները և այդ գործընթացին ժամանակակից վերաբերմունքը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից ներկայացրեցին հեղեղաջրերի ու սելավաջրերի կառավարման հետ կապված խնդիրները: Զեկուցողը նշեց, որ ներկայումս մշակվել է հեղեղների կառավարման հայեցակարգ, որը գտնվում է շահագրգիռ նախարարությունների կողմից քննարկման փուլում: Ներկայացվեցին և կոնֆերանսի մասնակիցներին բաժանվեցին Գլոբալ ջրային համագործակցության Տեխնիկական խորհրդի կողմից մշակված 3 փաստաթղթեր` նվիրված քաղաքային ջրի համապարփակ կառավարմանն ու կեղտաջրերի ու հեղեղաջրերի` որպես արժեքավոր ռեսուրս օգտագործմանը: Ամփոփելով կենֆերանսի ելույթներն ու քննարկումները, մասնակիցները կարևորեցին հետևյալ հիմնախնդիրները. Հայաստանում քաղաքային ջրի կառավարման ոլորտում բարեփոխումների սկզբնական շրջանում առաջնահերթությունը տրված էր բնակչությանը խմելու ջրով ապահովելուն, իսկ ջրահեռացման ու կեղտաջրի մաքրման գործընթացները դուրս էին մղված հաջորդ փուլեր: Կեղտաջուրը չի դիտվում որպես ջրային ռեսուրս և Կառավարությունը չունի մշակված հստակ քաղաքականություն և ռազմավարություն` կեղտաջրերի մաքրման և մաքրված ջուրը որպես լրացուցիչ ջրային ռեսուրս վերաօգտագործման ուղղությամբ: Կեղտաջուրը մաքրող սուբյեկտի համար չկան խրախուսման մեխանիզմներ: Կեղտաջրերի մաքրման համար սահմանված նորմերը բավականին խիստ են և դրանց հասնելու համար պահանջվում են հսկայական ներդրում, որն այսօր երկիրը և տնտեսվարողները չունեն: Արդյունքում կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են մակերևութային ու ստորերկրյա ջրային ավազաններ, ինչպես նաև ցամաքային տարածքներ: Հեղեղների կառավարման հարցերը գտնվում են կառավարման տարբեր մարմիների` ՀՀ Արտակարգ իրավիճակների և Գյուղատնտեսության նախարությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում, ինչը և խանգարում է լիարժեք կառավարում իրականացնելուն: Ելնելով այս հիմնախնդիրներից կոնֆերանսի մասնակիցները արձանագրեցին. Անհրաժեշտ է մշակել կենցաղային կեղտաջրերի մաքրման և մաքրված ջրի վերօգտագործման հստակ քաղաքականություն և նոր ռազմավարություն` Հայաստանում կեղտաջրերի մաքրման նոր և ժամանակակից մեթոդներ ներդնելու համար: Պետք է մշակել կեղտաջրի մաքրման նոր նորմեր` ելնելով մաքրումից հետո նպատակային օգտագործումից: Արտադրական ու կենցաղային կեղտաջրի մաքրման համար մշակել մաքրման փուլային ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին համապատասխան ժամանակահատվածում հասնել կեղտաջրի մաքրման վերջնական արդյունքին: Հեղեղաջրերի կառավարման նոր մշակվող հայեցակարգի համար կազմակերպել հասարակական լսումներ և ներկայացնել քաղաքացիական հասարակության առաջարկությունները Հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Կատարել համապատասխան օրենսդրական ու նորմատիվ փոփոխություններ` գործող օրենքներում ու կարգերում: