Մաքուր ջուր - մաքուր ջրհավաք ավազան

Մաքուր ջուր - մաքուր ջրհավաք ավազան

Մաքուր ջուր - մաքուր ջրհավաք ավազան

 

Հոկտեմբերի 8-12-ը ընկած ժամանակահատվածում "Ազգային ջրային համագործակցություն" ՀԿ-ն "Մաքուր ջուր - մաքուր ջրհավաք ավազան" ծրագրի շրջանականերում իրականացրել է հինգօրյա դասընթաց Երևանի Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում:
Դասընթացին մասնակցել է 7-9-րդ դասարանների 30 աշակերտ:
Դասընթացի նպատակն էր դպրոցականներին ծանոթացնել ջրային ռեսուրսների առկա գլոբալ հիմնախնդիրներին` մասնավորապես կապված կլիմայի փոփոխության հետ, բացահայտել ջրային ռեսուրսների կարևորությունը ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև հանրապետության կայուն զարգացման գործընթացում, տեղեկացնել ջրային ռեսուրսների աղտոտման աղբյուրների մասին և այս ամենով նրանց մոտ ձևավորել ջրային ռեսուրսների օգտագործման նոր վարքագիծ:
Դասընթացի առաջին օրը աշակերտներին ներկայացվել է ջրի շրջապտույտը, ջրհավաք ավազանների գաղափարը, ինչ է նշանակում մաքուր ջուր և ինչպես է աղտոտվում ջուրը: Դասարանում քննարկվել է ինչ է ջուրն անում մեր համար, որտեղից է այն գալիս, ինչ կարող է լինել, եթե այն աղտոտվի, ինչի համար է կարևոր մաքուր ջուր ունենալը, ինչ նպատակներով ենք ենք օգտագործում ջուրը և այլ հարցեր:
Աշակերտների համար փորձ արվեց, ակնառու ցույց տալու համար Երկրագնդի վրա առկա քաղցրահամ հասանելի ջրի քանակը:
Աշակերտներին հանձնարարվեց տանը մտածել և գրել, թե ովքեր են ջրի հիմնական աղտոտողները և ինչ կարելի է անել այդ աղտոտումները նվազեցնելու համար:
Երկրորդ օրը աշակերտները ներկայացրեցին իրենց տնային հանձնարարությունը: Ահա նրանցից մեկը, որը ներկայացրել է 9-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Ավագյանը.
Ես կարծում եմ, որ ջրային ռեսուրսների հիմնական աղտոտման պատճառը մարդկային անտարբերությունն է ու անփութությունը բնության հանդեպ: Գործարանային և արդյունաբերա-կան աղբն ու թափոնները լցվում են գետերը, գետերի ափին կառուցված տներից կոյուղաջրերը նույնպես մեծամասամբ թափվում են գետերի մեջ:
Հրազդանի կիրճում կան բազմաթիվ ռեստորաններ և հյուրանոցներ, որոնց կոյուղիները դարձյալ լցվում են գետը, դրա հետ մեկտեղ մարդիկ գետի ափին լավ օր անց կացնելուց հետո իրենց թողած աղբը դարձյալ լցնում են գետն ու հեռանում: Վառ օրինակ է նաև Սևանա լիճը, որը հազարավոր զբոսաշրջիկներ է ընդունում, տեղաբնիկների սիրելի վայրերից է, բայց օրվա վերջում լողափերը վեր են ածվում աղբանոցի, որի թաքցնելու լավագույն տարբերակն է դառնում դարձյալ լիճը: Նույն պատկերը կարելի է տեսնել Գառնու ձորում` Ազատ գետի ափերին, Տավուշի մարզում` Աղստևի ափերին, հատկապես Իջևան քաղաքում, որտեղ շուկայի աղբն ու փչացած բանջարեղենը լցվում է գետը:
Ես գտնում եմ, որ սրանից խուսափելու միակ տարբերակը համատարած աղբարկղերի տեղադրելն է և ամենակարևորը` ցանկացած մարդ պետք է իր մեջ դաստիարակի ներքին կուլտուրա և չմտածի, որ բնությունն իր սեփականությունն է: Բնությունն առայժմ դիմադրում է մարդուն, բայց հակառակ պարագայում մարդը չի կարող դիմադրել բնությանը:

Ի վերջո ջուրը կյանք է……
Այնուհետև մեր կողմից տեղեկատվություն տրվեց ջրի որակի հիմնական ցուցանիշների մասին, ներկայացվեց ԱՄՆ-ի Մաքուր ջրի ֆոնդի կողմից մեզ տրամադրված ջրի որակի որոշման պարզ սարքերը և աշակերտները բաժանվելով 3 խմբի որոշեցին ջրի որակը, որը բերվել էր Հրազդան գետից, Հաղթանակ զբոսայգու լճակից և 3-րդ փորձանմուշը` այդ երկու ջրերը խառնվել էին իրար:
Աշակերտները որոշեցին ջրի որակը և ստացված տվյալները գրանցեցին գրանցումների գրքույկում: